Վախթանգ Անանյան

Հրացանը ձեռքիս պատրաստ բռնած իջնում եմ բլրի քարքարոտ լանջով։ Ներքևում փռված է կապուտակ ու ծիծաղուն Այղր լիճը։
Եղեգնուտում բադեր երևացին։ Սկսեցի զգուշությամբ առաջ գնալ, բայց Զանգին՝ իմ որսի շունը՝ ինձ մատնեց. բադերն իսկույն հասկացան, որ ես որսկան եմ։ Հենց որ հրացանս մեկնեցի՝ ճղճղոցով թռան։ Բայց ո՜ւր պիտի փախչեն. կոտորակը հասավ նրանց ետևից և բադերից մեկը մնաց ջրի երեսին ու թևերը թափահարելով սկսեց տարուբերվել։
Զանգին թեև շատ փոքր էր ու դեռ կարգին լողալ չգիտեր, բայց ուրախության կլանչներ արձակեց և ջուրը նետվեց։
— Զա՛նգի, Զա՛նգի…
Բայց նա ուշադրություն չդարձրեց ու սկսեց լողալ, դունչը ջրից վեր ցցած։ Ափին մի նավակ կար, նստեցի ու թիավարեցի։
— Զա՛նգի, դե՛սը, Զա՛նգի,— կանչում եմ ես։ Ուզում եմ հասկացնել, որ դեպի իմ կողմը լողա։ Բայց նա ջրի հետ կռվելով դեպի բադն է շարժվում։
Երբ ես մոտեցա, շունն արդեն վերջին ուժերն սպառած՝ սուզվեց ջրի տակ… Բադը փռված էր երկու-երեք քայլաչափ նրանից հեռու։ Ափսոսացի կորուստիս համար և գլխիկոր նստեցի նավակի հատակին։ Հենց այդ վայրկյանին Զանգին երևաց ջրի երեսին, ղլղլացրեց, վերջին անգամ թույլ-թույլ շարժեց ոտներն ու հասնելով բադին, բերանով բռնեց նրա ոտներից։ Բադն իր թեթև փետուրներով իմ թեթև շանը կարող էր մի պահ լճի երեսին պահել, բայց ջուրն սկսեց լցվել նրա բաց բերանը։ Նա խեղդվելով սկսեց ցած իջնել և բադն էլ հետը ջրի խորքը քաշել։
Ես այնպես ուժեղ թիավարեցի, որ նավակը ոստնեց և ջուրն արագ պատռելով շանը հասավ այն ժամանակ, երբ միայն բադի գլուխն էր երևում։ Բռնեցի թռչնի կտուցից ու կամաց վեր քաշեցի։ Զանգին բերանից օդի պղպջակներ արձակելով, դեռ ամուր կախված էր բադի ոտներից։
Երբ իմ որսը ջրից հանեցի, դուրս եկավ նաև Զանգիի գլուխը։ Լոշտակ ականջներից վեր քաշեցի ու պառկեցրի նավակի հատակին։ Նա աչքերը խփած արագ-արագ շնչում էր։
Էլեկտրական ջրհանում աշխատող բանվորները աղմուկով դեպքի վայրը հասան, Զանգիին ափ հանեցին, կախեցին գլխի վրա, ջուրը քչքչալով սկսեց փորից դուրս թափվել։
— Փրկվե՛ց, էլ բան չկա,— հուսադրեց ինձ ջրհան կայանի վարպետ Սամսոնը։
Շունն սկսեց դողալ, ծնոտները կափկափում էին։ Ես նույնպես ամբողջովին թրջված էի։
— Տղե՛րք, մի թեժ կրակ արեք,— կարգադրեց վարպետ Սամսոնն ու բադը վերցնելով, հարցրեց.
— Հը՞, բմբուլը քամուն չտա՞նք…
— Խնդրեմ,— պատասխանեցի ես ու սկսեցի շորերս մզել։
Թեժ կրակի մոտ նստած ես չորացնում էի շորերս ու մտածում, թե ի՜նչ համառ որսորդ է այս կենդանին, կյանքը կտա, բայց որսը ձեռքից բաց չի թողնի…
Բայց հաջորդ օրը պարզվեց, որ Զանգին ոչ միայն լավ որսորդ է, այլև լավ ընկեր։

Հարց

  1. Ինչու՞ Զանգին վազեց դեպի բջուրը:

 

Оставьте комментарий