Հավատարիմ ընկերս երկրորդ մաս տպ. և առ.

Լույսը նոր էր բացվել, երբ վարպետ Սամսոնը ձայն տվեց.
— Քաղաքացի ախպեր, ճաշ դառավ, վեր կաց…
— Էնիկ օրդկները երազում կփրթի,— ծաղրեց գյումրեցի մի բանվոր։
Վեր թռա, հագնվեցի ու Զանգիի հետ դուրս եկանք բարաքից։ Տաք աղբյուրների ակունքներում, գետի ափերին, վայրի բադերը եռանդուն ետ էին տալիս տիղմը, քրքրում էին մամուռներն ու կեր ճարում։
Ձկնկուլը երբեմն թափով խփում էր ջրին, վայրկենապես դուրս բերում ձկնիկն ու փայլեցնում արեգակի առաջին շողերի տակ։
Եղեգնուտներում վայրի թռչունները ճղճղոց էին բարձրացրել:
Քրդական խրճիթների արանքով մոտենում եմ գետին։
Պատանի հովիվը, որ շվշվացնելով, չարաճճի այծերին հայհոյելով, ֆերմայի հոտը դուրս էր անում գոմից, ինձ նկատեց ու զարմացած նայեց։
— Ինչ ես կուչ-կուչ անում, տո՛,— հարցրեց նա քրդերեն։
Ձեռքով նշան արի. լռեց ու սկսեց հետաքրքրությամբ նայել։
Հասա մի քարի, կուչ եկա նրա հետևում և հարմար առիթի էի սպասում կրակելու։
Խելացի շունը փորսող տալով առաջ եկավ, թաք կացավ ոտներիս մոտ և սկսեց անհամբերությամբ մեկ բադերին, մեկ ինձ նայել։
Հրացանը մեկնեցի ու հենց ուզում էի կրակել, մեկ էլ հետևիցս դղրդյուն լսվեց. դինամիտով ժայռ պայթեցրին։ Աղբյուրներից, եղեգնուտներից ու գետի կղզյակներից բադերը սարսափահար թռան և օդը լցրին աղմուկով։
Կրակեցի։
Երկու բադ ցած ընկան, մեկը՝ եղեգնուտը, մյուսը՝ ուղղակի գետի մեջ։
Զանգին վազեց եղեգնուտի կողմը։ Երևի գետի միջինը արդեն մերն էր համարում, չէր ուզում մյուսը ձեռքից բաց թողնել։
Բադը շատ մոտ էր ափից. կռացա. հրացանս մեկնեցի՝ չհասավ։
Քիչ էլ առաջ գնացի, կանգնեցի մի փոքրիկ քարի, հրացանիս ծայրը հասցրի բադին և հենց իրանս մի քիչ առաջ մեկնեցի, քարը խրվեց ցեխի մեջ, և ես, կորցնելով հավասարակշռությունս՝ ջուրն ընկա։
Էլ չիմացա ինչ եղավ։ Հիշում եմ, որ բերանս լցվեց ջրով ու սկսեցի ղլղլացնելով արագ իջնել խոր հատակն ու հեռանալ ափից։
Զգացի, որ մեկն ուսիցս բռնեց ու վեր քաշեց։ Ձեռքերս ու ոտքերս ուժեղ շարժեցի, դուրս եկա ջրի երեսը. Զանգին է, ատամները խրել է շորերիս մեջ ու դեպի ափ է քաշում ինձ։
Խեղճը փոքր էր, շուտ հոգնեց, բայց մի քայլաչափ մոտեցրեց ափին։
Լողալ չգիտեի, շորերս թրջվել ու խիստ ծանրացել էին։ Նորից իջա ջրի տակ և ինձ հետ ցած տարա իմ խեղճ Զանգիին։ Նա սկսեց խեղդվել, բայց ինձ բաց չթողեց, իսկ ես նրան ցած էի տանում իմ ահագին ծանրությամբ։ Խեղդվում եմ, բայց հրացանը պինդ պահել եմ ձեռքիս։
Մեկ էլ զգացի, որ շունը ինձ բաց թողեց ու բարձրացավ ջրի երեսը։ Հետո իմացա, որ բռնել է հրացանի փոկից ու սկսել է լողալ դեպի ափ։
Նա արդեն ամուր հողի վրա կանգնած, ինչքան ուժ ուներ, քաշում էր փոկից։ Ոտներով մի անգամ էլ խփեցի ջրին և հասնելով ափ, ուժասպառ ընկա տիղմի վրա։ Շունը վազեց դեպի մոտակա տունը և դռան առաջ սկսեց հաչել։
Չանցած մի քանի րոպե, Զանգին վազելով վերադարձավ, իսկ նրա ետևից՝ հովիվ պատանին, որն ինձ տեսնելով սկսեց գոչել.
— Մստո՜, կո՜ւռո որե՜, կուռո որե՜…
Մստոն նրա ընկերներից էր։ Նրանք ինձ տարան ֆերմայի հովիվներին հատկացված բնակարանը։ Զանգին վազեց գետափ ու բերեց սպանված բադը։
Հավաքվեցին ֆերմայի աշխատողները, մեկը կրակ վառեց, մյուսը՝ թաղիք փռեց գետնին։
Ինձ պառկեցրին թաղիքի վրա, ապա փորս տնտղելուց հետո մի հասակավոր քուրդ գոչեց.
— Տղան տկճոր է դարձել, գլխի վրա կախեցեք։
Կախեցին՝ ինչպես երեկ Զանգիին էինք կախել, և փորիս ջուրը դատարկվեց։
Երբ մի քիչ ուշքի եկա, գրկեցի իմ հավատարիմ ընկերոջ գլուխը։ Նա հասկացավ, ձեռքերս լիզում էր և մտերմաբար շարժում պոչը։
Եկավ և վարպետ Սամսոնը, թավ բեղերի տակ ժպտաց ու նկատեց.
— Հ՛ը, մեր տղա, քեֆդ լավ չի երևում։ Ապա շոյեց շանս գլուխն ու մտախոհ՝ ասաց.— Մարդ սրա նման հավատարիմ ընկեր ունենա՝ էլ ինչ դարդ կունենա աշխարում…Ո՞վ էր պատմության երկրորդ մասի սկիզպը կատակ անում:

  1. Ու՞մ տեսավ Անանյանը դեպի գետը գնալուց:
  2. Քանի՞ բադ բրնեց Անանյանը:
  3. Ինչու՞ մյուս բադերը թռան օդ:
  4. Ինչու՞ Անանյանը ընկավ գետի մեջ:
  5. Արդյոք շունը փրկեց նրան:
  6. Ու՞մ ֆերման տարան Անանյանին:
  7. Ի՞նչ ասաց Սամսոնը շան մասին:

Оставьте комментарий